Posted in Պատմություն 8

Գրիգոր Տաթևացի

Աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, րաբունապետ Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից: Գրիգոր Տաթևացուն ժամանակակիցները մեծարել են Եռամեծ վարդապետ, Երկրորդ Լուսավորիչ հայոց և աստվածաբան, Սյուն և ախոյան Հայ եկեղեցու, Վարժապետ ամենայն հայոց և այլ պատվանուններով: 

Գրիգոր Տաթևացին (աշխարհական անունը՝ Խութլուշահ) սովորել է Տաթևի վանքում, աշակերտել մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի բարձրագույն դպրոցները, վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ: Դասախոսել է Մեծոփավանքի  և Սաղմոսավանքի դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարներ) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը: 

Տաթևացին 1390 թ-ին հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակել իր գիտամանկավարժական գործունեությունը: Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն: Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում: Իր մանկավարժական հայացքները Տաթևացին ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատության մեջ, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:

Leave a comment